Թուրքիա

Փոքրասիական թերակղզում տարբեր ժամանակներում ձևավորվել ու զարգացել են Խեթական և մասամբ Արարատյան կամ Ուրարտական թագավորությունները, տարածքին տիրել են Մարաստանի, Աքեմենյան Իրանի, Ալեքսանդր Մակեդոնացու տերությունները, Հռոմեական կայսրությունը, որոնց բազմաթիվ մշակութային հուշարձանների այսօր էլ կարելի է հանդիպել ներկայիս Թուրքիայի տարածքում:
XI դարի 2-րդ կեսից թերակղզի են թափանցել թուրքական օղուզ քոչվոր ցեղերը և հրով ու սրով նվաճել են հույներով, հայերով ու արաբներով բնակեցված այդ հողերը և այնտեղ հիմնել իրենց սելջուկյան պետությունը: Ավելի ուշ`   XIII դարում, մոնղոլների հարվածների տակ այդ պետությունը բաժանվեց տարբեր իշխանությունների, որոնց մեջ XIII–XIV դարերի սահմանում աչքի ընկավ Օսման տիրակալի իշխանապետությունը, որի անունով և կոչվեց նորաստեղծ Օսմանյան կայսրությունը:

 Իսկ արդեն XIV–XVI դարերում այդ նվաճած կայսրության մեջ էին մտնում Փոքր Ասիան, Բալկանյան թերակղզին, Հարավարևմտյան Ասիայի արաբական երկրները, Հյուսիսային Աֆրիկան: Օսմանյան ցեղապետերը դարձան սուլթաններ և միաժամանակ խալիֆներ, այսինքն՝ բոլոր մահմեդականների հոգևոր պարագլուխներ:
XIX դարում Օսմանյան կայսրությունն սկսեց կորցնել իր երբեմնի հզորությունը, սկիզբ առան հույների, բուլղարների, արաբների և հայերի ազգային-ազատագրական շարժումները: Առաջին աշխարհամարտից հետո Օսմանյան կայսրությունը վերջնականապես քայքայվեց: 1920-ական թվականներին կայսրության մի հատվածում, որը ներառում էր նաև Արևմտյան Հայաստանի տարածքը, ստեղծվեց այժմյան Թուրքական Հանրապետությունը:
Ժամանակակից Թուրքիայի տարածքում է գտնվել նաև Կիլիկիայի հայկական պետությունը:
Թուրք ազգը ձևավորվել է թուրքմենական օղուզ քոչվոր ցեղերի ու տեղաբնիկների միաձուլումից: Թուրքիան բազմազգ պետություն է: Այստեղ ապրում են ավելի քան 22 ժողովուրդներ: Թուրքերը կազմում են երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունը: Բնակվում են նաև քրդեր, արաբներ, չերքեզներ, ասորիներ, հայեր, հույներ և այլք: Երկրի բնակչության 98 %-ը դավանում է մահմեդականություն:
Դեռ բոլորովին վերջերս Թուրքիան գերազանցապես գյուղատնտեսական երկիր էր: Այժմ զարգանում է ծանր արդյունաբերությունը՝ սև և գունավոր մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, նավթամշակման, քիմիական արդյունաբերությունը: Արդյունահանում են քրոմ, պղինձ, քարածուխ, բոքսիտներ, նավթ: Ֆաբրիկաներն արտադրում են գործվածք, վերամշակում ձիթապտուղ, ծխախոտ: 
Վերջին շրջանում խոսում են տնտեսության զարգացման «թուրքական ուղու» մասին, որը երկիրը հանել է տնտեսական ծանր վիճակից, բայց գործազուրկների թիվն այնտեղ տակավին մեծ է, և նրանց մի մասը հարկադրված աշխատանքի է մեկնում այլ երկրներ:
Բոսֆորի զառիթափ ափերին փռված է Թուրքիայի ամենամեծ քաղաքն ու նավահանգիստը՝ Ստամբուլը: Հնում Ստամբուլը եղել է Արևելահռոմեական կայսրության (Բյուզանդիա) մայրաքաղաքը և կոչվել է Կոստանդնուպոլիս (Կոստանդինի քաղաք՝ հիմնադիր կայսեր անունով): 1453 թ-ին քաղաքը գրավեցին թուրքերը և այն կոչեցին Ստամբուլ, որը, ըստ երևույթին, Կոստանդնուպոլսի աղավաղված արտասանությունն է: Մինչև 1923 թ. Ստամբուլը երկրի մայրաքաղաքն էր: 

Комментарии