Եղիշե Չարենցի ծննդավայրը

Եղիշե Չարենցը ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ, Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր: Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:

Նյութի աղբյուրը

Комментарии