Անին՝ մայրաքաղաք

Անին միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր քաղաքն էր. 5–9 դարերում եղել է ամրոց, 10–11 դարերում` Հայաստանի մայրաքաղաքը, 9–14 դարերում` տնտեսական և մշակութային կենտրոն: Ունեցել է շուրջ 100 000 բնակիչ: Քաղաքն անունն ստացել է Դարանաղի (Կամախ) գավառի Անի բերդաքաղաքից, որը հեթանոս հայերի կրոնական կենտրոնն էր: Առաջին անգամ հիշատակվել է 5-րդ դարում Եղիշեի և Ղազար Պարպեցու կողմից: Ներկայումս անբնակ է, գտնըվում է Թուրքիայի Կարսի նահանգում: 961 թ-ին Աշոտ Գ Ողորմած Բագրատունին արքունիքը Կարսից փոխադրել է Անի և այն հռչակել Հայաստանի նոր մայրաքաղաք:
Անին աննախադեպ զարգացման է հասել Գագիկ Ա թագավորի օրոք (989–1020 թթ.): Քաղաքն առևտրական կապերի մեջ է եղել Բյուզանդիայի, Պարսկաստանի, Չինաստանի, արաբական երկրների, Հարավային Ռուսաստանի, Միջին Ասիայի հետ: Գագիկ Ա-ի մահից հետո նրա որդիների՝ Հովհաննես-Սմբատի և Աշոտ Դ-ի միջև սկսված գահակալական պայքարի ու ներքին երկպառակությունների հետևանքով Բագրատունիների թագավորությունը թուլացել է:

Комментарии