Սասնա ծռեր | Էպոսի բովանդակությունը

«Սասնա ծռերը» բաղկացած են 4 մասից կամ ճյուղից, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսների մեկ սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր»:

Էպոսի առաջին մասի հերոսներն են՝ եղբայրներ Սանասարն ու Բաղդասարն են։ Նրանք հայոց թագավոր Գագիկի դստեր՝ Ծովինարի զավակներն էին։ Ծովինարը ամուսնացած է լինում Բաղդադի խալիֆի հետ, ով սպառնում էր պատերազմ սկսել, եթե Ծովինարը իր հետ չամուսնանա։ Գիտակցելով իրավիճակի լրջությունը և ցանկանալով զերծ մնալ հազարավոր ահերից՝ Ծովինարն ինքնակամ որոշում է կայացնում ամուսնանալ և հորը խնդրում իրեն կնության տալ Բաղդադի խալիֆին։ Գագիկը ևս հակված չէր այս տարբերակին, բայց ստիպված էր հարգել դստեր կամահայտնությունն ու հայկական պետականության շահերը։ Հասնելով Բաղդադ՝ Ծովինարը պայման է դնում խալիֆի առաջ, որ նա մի տարի չի կարող մոտենալ իրեն։ Խալիֆը համաձայնվում է և Ծովինարի համար առանձին դղյակ կառուցում։ Ըստ հին հայկական ավանդական սովորության՝ Համբարձման տոնի ժամանակ հայ կանայք դուրս էին գալիս դաշտ և բախտագուշակ կատակերգերով վիճակ հանում։ Ծովինարն այդ օրը դուրս էր եկել զբոսանքի և երկարատև զբոսանքից հետո հանգստանալ։ Ծարավի զգացումը խեղդում է Ծովինարին և նա որոշում է ջուր խմել սառնորակ աղբյուրից։ Այդ ջուրը կախարդական կարողություններ ուներ, ինչի պատճառով ջուր խմելուց հետո Ծովինարը հղիանում է։ Իմանալով իր կնոջ հղիության մասին՝ խալիֆը հրամայում է սպանել Ծովինարին։ Սակայն Ծովինարը խնդրում է, որ իրեն սպանեն երեխաները ունենալուց հետո։ Այնուհետև մեծանալով և հզորանալով եղբայրները կռվում են խալիֆայի զորքի դեմ, հաղթում նրան և փախչելով Բաղդատի խալիֆի իշխանությունից՝ գալիս են հայրենի Սասունում բերդ կառուցում, հզորացնում և շենացնում այն:

Սանասարին հաջորդում է իր որդին՝ Մհերը։ Մեծ Մհերին նաև անվանում էին Առյուծաձև Մհեր, քանի որ մենամարտել էր մարդակեր առյուծի հետ, որը փակել էր հացի ճանապարհը, և մեջտեղից երկու կես արել: Շուտով գալիս է Մհերի ամուսնության ժամանակը․ նրա ավագ եղբայրը՝ Օհանն և քեռին՝ Թորոսը, գնում են Կարս` Թևաթորոս թագավորի դստեր ձեռքը ուզելու, սակայն իմանում են, որ նրա արքայադուստրը գտնվում է Սպիտակ դևի գերության մեջ: Շուտով լուրը հասնում է Առյուծաձև Մհերին, որը ժամանելով Կարս՝ սպանում է հրեշավոր դևին և արքայադուստր Արմաղանին իրեն առնում է կնության։ Սակայն, այդ ժամանակ Սասունը Մըսրին դարձել էր հարկատու, քանի որ Սանասարի մահվանից հետո՝ մինչև Մհերի մեծանալը, ոչ ոք չէր կարողացել պահպանել երկրի հզորությունը։ Սակայն Մհերը հրաժարվում է վճարել հարկերը, և մեկնում արաբական աշխարհ, որպեսզի կռվի Մըսրա Մելիքի հետ։ Տեսնելով Մհերին՝ Մըսրա Մելիք հասկանում է, որ չի կարող հաղթել Մհերին, պայմանագիր է կնքում Մհերի հետ։ Ըստ այդ պայմանագրի՝ իրենցից ով առաջինը մահանա, պարտավորվում է մինչև իր կյանքի վերջը տիրություն անել զոհվածի ընտանիքին՝ կնոջն ու երեխաներին։ Բացի այդ, Մելիքը Սասունին ազատում է բոլոր տեսակի հարկերից։ Տարիներ հետո, երբ Մելիքը մեռնում է, նրա կինը՝ Իսմիլ Խաթունը Մհերին խնդրում է, որ գա և տիրություն անի իր երկրին: Սակայն Իսմիլ Խաթունը խորամանկությամբ և արբեցնելով կարողանում է 7 տարի Մհերին պահել Մըսըրում և մի արու զավակ ունենալ նրանից, որին իր ամուսնու անունով անվանում է Մելիք: Հասկանալով իր սխալը՝ Մհերը նորից վերադառնում է Սասուն և նորից շենացնում այն: Որոշ ժամանակ անց ծնվում է Դավիթը, որին տուն բերելուն պես, Մհերն ու կինը մահանում են:

Երրորդ մասը պատմում է էպոսի գլխավոր հերոս՝ Դավիթի մասին։ Արմաղանի և Մհերի մահից հետո Դավթի խնամքը մնում է Ձենով Օհանի վրա։ Իր հոր նման՝ Դավիթը ոչ թե օրով, այլ ժամով է մեծանում և Օհանը առաջարկում է Դավիթին ուղարկել Իսմիլ խանումի մոտ, որպեսզի նա Դավիթին կերակրի։ Դավիթը սնվում է նրա կաթով, ինչպես և Սասունից բերած յուղով ու մեղրով։ Մըսրա Մելիքը փորձում է խորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանին հաղթահարում է բոլոր փորձությունները և վերադառնում Սասուն: Վերադառնալուն պես՝ Ձենով Օհանը Դավիթին կարգում է գառնարած։ Դավիթը հասունանում է և սկսում մտածել հայրենիքի շենացման ու բարգավաճման մասին։ Սասունի շենացման լուրը լսելուց հետո Մըսրա Մելիքը լցվում է զայրույթով և իր հարկահաններին ուղարկում Սասուն, որպեսզի յոթ տարվա հարկը գանձեն։ Սակայն Դավիթը չի համաձայնվում հարկերը տալ։ Դրանից Մըսրա Մելիքը զայրանում է և զորք է ուղարկում Սասուն։ Թշնամու դեմ ելնում է Դավիթը՝ Քեռի Թորոսի և նրա 39 որդիների հետ։ Վերջում տեղի է ունենում Դավիթի և Մսըրա Մելիքի մենամարտը, որի ժամանակ Դավիթը թուր կեծակիի միջոցով կիսում է Մըսրա Մելիքին երկու մասի։ Հետո նա ամուսնանում է Զմշիկ Սուլթանի հետ, բայց լսելով արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ ամուսնանում է նրա հետ։ Ապա գնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Ծնվում է Մհերը, ով չափահաս դառնալով, որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում։ Դավիթը ճանաչում է Մհերին և անիծում նրան․ «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»։ Դավիթն սպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնուն հավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից։

Չորրորդ մասը պատմում է Դավիթի որդու՝ Փոքր Մհերի մասին։ Հոր մահից հետո Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ և հաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը։ Ամուսնանում է, բայց հոր անեծքի պատճառով՝ նա մնում է անժառանգ և անմահ։ Այդ պատճառով Մհերը փակվում է Ագռավաքար ժայռի մեջ։

Комментарии