Բանաստեղծության կառուցման կայուն ձևերը

 Համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ինչ ասել է

  • տրիոլետ
Տրիոլետը բանաստեղծության կայուն ձև է, որը բաղկացած է ութ թողից։ Տրիոլետի առաջին տողը կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ տողը՝ ութերորդ տողում։ այ գրականության մեջ բազմաթիվ տրիոլետներ է ստեղծել Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը, Նաիրի Զարյանը։

Եղիշե Չարենց «Երկրեր» ժողովածու, տրիոլետներ

Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
Նման են հեռու մի հուշի.
Մաղում են կապույտ մի փոշի,
Այսօր Ձեր մատները, տիկին։
Հին բույրն եմ զգում ես կրկին,
Հին բույրը անցած, ուրիշի,—
Այսօր Ձեր մատները, տիկի՛ն,
Նման են հեռու մի հուշի...

* * *
Շրշում են իմ շուրջը, շրշում
Շորեր ու շորեր կանացի.
Անցնում են մայթով փողոցի—
Շրշում են իմ շուրջը, շրշում։
Լսում եմ գարնան մի շրշյուն,
Կարծես թե անտառ գնացի—
Իսկ շուրջս շրշում են, շրշում
Շորեր ու շորեր կանացի...

  • սոնետ
Սոնետը բանաստեղծության կառուցման կայուն ձև է, որը բաղկացած 14 տողից՝ որոնք կրկնվում է հետևյալ հաջորդականությամբ՝  abba abba ccdeed։

Եղիշե Չարենց, սոնետ

Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։

Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։

Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ[1] են երգում

Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։

  • ռուբայաթ
Ռուբայաթը պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։

Եղիշե Չարենց «Երկրեր» ժողովածու, ռուբայաթ

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։

  • գազել
Գազելը կամ ղազալին բանաստեղծության կայուն ձև, որը բաղկացած է մի քանի երկտող տներից (բեյթերից), որի մեջ առաջին տան զույգ և մնացած տների երկրորդ տողերի վերջնամասերը կրկնվում են, իսկ դրանց նախորդող բառերը ներքին հանգ են կազմում։

Եղիշե Չարենց, Մորս համար գազել

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
 
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,-
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին:

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած,
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց -
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին...

Комментарии