Օրանջիայի ձորակ

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը` դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը, եւ խլեզները փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա լեզուները հանում։ Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը Օրանջիայի ձորակում մասրենիներն չկային, տան պատերի վրայով, երգչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանում վարունգն էր ծաղկում։

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ այդ արահետն էլ չկա։

Մանաս, ինչո՞ւ տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեի՞ր, որ Դավյոենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին` ուր ձյունն ավելի շուտ է հալվում եւ ձյունի տակից կանաչը ծլում։

Դավյոենց Առաքելը եզան կաշվից տրեխները հագին մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակում, ուր նախրից հետ մնացած երկու հորթ էին արածում եւ մտքում դրեց ձորակում ամարաթ կառուցել։

Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քար ու կիր թափել, ոտքերը մինչեւ ծնկները վեր քաշած ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում։ Առաքելը գյուղում չէր։ Վերադարձին, աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց եւ սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա, կռիվ անի Օրանջիայի համար։

_Հենց գիտես, թե դատ ու դատաստան չկա էլի, որ զոռ ես անում,- ասաց Մանասը։ Օրանջիայում ես պիտի տուն շինեմ Առաքել…

Մանաս, իմացիր առաջդ ովա կանգնած։ Ես Դավյոենց Առաքելն եմ, իսկ դու ո՞ւմ լակոտն ես։

Եւ առը հա մի հատ Մանասի գլխին ձեռքի դագանակով։ Իրար անցան, աղմուկ-աղաղակ եղավ։ Մանասին արնաթաթախ տուն տարան։

Առաքելն էլ նայեց հեռացողներին, պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց, էլի սպառնաց եւ գնաց տուն։

Комментарии